Ցավի հաղթահարման հասանելիությունը Հայաստանում

Ի՞նչ է ցավը:

Ցավը էվոլյուցիոն տեսակետից մարդկության հնագույն պաշտպանողական մեխանիզմներից մեկն է, որն         ուղղված է ցավ  առաջացնող վնասող գործոնը վերացնելուն, կամ դրանից խուսափելուն: Հին Հունաստանում ցավը համեմատում էին շան հետ, որը պահպանում է տիրոջ առողջությունը: Ըստ Ցավի Հետազոտութունների Միջազգային Ասոցիացիայի (IASP) սահմանման՝

Ցավը տհաճ  հոգեհուզական և վարքային զգացողություն է, որի ծագումը պայմանավորված է  հյուսվածքների իրական կամ հնարավոր վնասման հետ :

Այն առաջանում է հատուկ ընկալիչների՝ նոցիցեպտորների (nocere -վնասել) դրդումից: Այդ ընկալիչները որսում են հյուսվածքի վնասումը և հատուկ ուղիներով փոխանցում այն դեպի գլխուղեղ, որտեղ և ձևավորվում է ցավի զգացողությունը: Ինչպես ընկալիչները, այդպես էլ ցավը փոխանցող ուղիները տարբերվում են իրարից: Այդ պատճառով ցավի առանձնահատկությունը և ուժգնությունը կախված են վնասվածքի տեղակայումից և բնույթից: Ցավը բազմաթիվ սուր և քրոնիկ հիվանդությունների ախտանիշ է, սակայն կան իրավիճակներ, երբ ցավը դառնում է համախտանիշ` վերածվելով ինքնուրույն հիվանդության: Այն անդրադառնում է ամբողջ օրգանիզմի վրա` ներազդելով սիրտ-անոթյին, շնչառական և մնացած օրգան- համակարգերի աշխատանքի վրա` զգալիորեն խափանելով օրգանիզմի անխափան աշխատանքը: Գոյություն ունեն ցավի տարբեր ախտածին դասակարգումներ, որոնց վրա հիմնված է ցավի ախտաբանական բուժումը: Նկարի վրա պատկերված է աթոռ, որի վրա ինկվիզիտորները խոշտանգում էին իրենց զոհերին, այն կարող է ցավի խորհրդանիշ հանդիսանալ: Ինչպես երևում է սահմանումից, ցավն ունի երկու բաղադրիչ՝ մեկը վերաբերում է հյուսվածքների վնասմանը, իսկ մյուսը, ոչ պակաս կարևորը, հոգեհուզական ոլորտին (տհաճ): Սա նշանակում է, որ երկարատև, չբուժված ցավը բացասաբար է  անդրադառնոմ անձի ոչ միայն առողջության վրա, այլ նաև կյանքի որակի վրա: Այն առաջացնում է հոգեկան ընկճվածություն,  տրամադրության անկում, խափանում է անձի աշխատունակությունը` կտրելով նրան ակտիվ հասարակական կյանքից: Մի խոսքով, մարդու կյանքը վերածվում է  դժոխքի:

 Ի՞նչ անել:

Դեռ հին ժամանակներից մարդկությունը միշտ  խուսափել է ցավից: Բժշկության պատմությունը վկայում է ցավազրկող միջոցների օգտագործման մասին հին Եգիպտոսում, հին Հնդկաստանում, հին Չինաստանում և Մերձավոր Արևելքում մեր թվարկությունից մի քանի հազարամյակ առաջ: Այն ժամանակվա ցավազրկող միջոցների մեծամասնության հիմքը կազմում էին թուրմերը և բույսերի եփուկները, որոնց մեջ կարևոր տեղ էին զբաղեցնում կակաչը, մանդրագորը, հնդկական կանեփը, բելլադոննան: Դրանցից ուժեղ ցավազրկող ազդեցություն ունեին նրանք, որոնց բաղադրության մեջ ափիոն էր մտնում: Չնայած ժամանակակից տեխնիկական նորամուծություններին և լավ զարգացած դեղագործական ոլորտին, մինչ օրս կակաչի ալկալոիդի (papaver somniferum) – ափիոնի բնական և սինթետիկ ածանցյալները մնում են ամենահզոր ցավազրկողները: Դրանց թվին են պատկանում մորֆինը և նրա սինթետիկ ածանցյալների մի խումբ: Բնականաբար, ցավի բուժումը որպես ախտանիշ առաջին հերթին պետք է ուղղված լինի ցավն առաջացնող պատճառի վերացնելուն կամ մեղմացնելուն: Քանի որ ցավի ծագումը պայմանավորված է տարբեր պատճառներով, ժամանակակից բժշկությունը ունի ցավազրկող դեղամիջոցների մի մեծ զինանոց՝ ոչ ստերոիդային հակաբորբոքիչ ցավազրկողներ (ՈՍՀՑ), որոնց կիրառությունը շատ արդյունավետ վերացնում և բուժում է ցավը: Դրանք են ասպիրինը, իբուպրոֆենը, դիկլոֆենակը և այլն: Սակայն կա մի իրավրճակ, երբ ցավը, հետին պլան մղելով հիմնական հիվանդությունը, դառնում է ինքնուրույն հիվանդություն, մի հրեշ, որը վերացնում է հիվանդին որպես անձ:

Յուրաքանչյուրն առանց ցավի ապրելու իրավունք ունի:

Հազարավոր մեր հայրենակիցներ տառապում են քաղցկեղից և այլ կյանքը սահամանփակող հիվանդություններից, որոնք զուգակցվում են ուժգին և անտանելի ցավերով: Ցավը ամիսներով,եթե ոչ տարիներով գամում է հիվանդին անկողնին: Հաճախ հիվանդությունը աստիճանաբար զարգանալով իրենից հետո թողնում է մի մեծ տափաստան, որի անունն է անտանելի ցավ,որը քաղցկեղով հիվանդների և նրանց ընտանիքի անդամների համար դառնում է կատարյալ դժոխք:

Ինչու՞ է դա տեղի ունենում

Ի՞նչ է ցավազրկող դեղամիջոցները այնքան թանկ են, որ մեր առողջապահությունը չի կարող իրեն այդպիսի շռայլութուն թույլ տալ:Ամենևին էլ ոչ: Հզոր ազդեցության թմրադեղերը ուրիշ դեղերի համեմատ շատ մատչելի են, բառացորեն կոպեկներ արժեն համեմատած նույն հակաբիոտիկների հետ:

Այնուամանայնիվ, ինչու՞ ենք տառապում

Առաջինը` մեր մտածելակերպն ու կարծրատիպերն են, որոնք արմատացած են մեզանում՝ հիվանդությունը պետք է զուգակցվի ցավով, և հիվանդը պիտի լուռ այդ ցավը տանի, և ոչ մեկի մտքով չի անցնում,որ հնարավոր է թեթևացնել հիվանդի տառապանքը: Երկրորդը` բժիշկների մեծ մասի ոչ լիարժեք գիտելիքները ցավի բուժման վերաբերյալ: Քանի որ ցավը անհատական բնույթ է կրում,  ուստի ցավի ուժգնությունը դժվար է չափել: Գոյություն ունեն մի քանի սարքեր (գործիք), որոնցից ամենատարածվածը Տեսողական Անալոգային Սանդղակն է (Visual analog scale), որը ցավը դարձնում է տեսանելի և չափելի: Դա սանդղակ է, որն ըստ էության իրենից 10 սանտիմետրանոց քանոն է ներկայացնում, որի  0 ցուցանիշը համապատասխանում է ցավի բացակայությանը, իսկ 10-ը սաստիկ ցավին: Հիմնվելով այդ սանդղակի ու ցուցանիշների վրա` բժիշկը հնարավորություն ունի օբյեկտիվորեն չափել ցավի ուժգնությունը: Երբ ցավի ցուցանիշը մոտ է կամ հավասար է 9-10, և ոչ ստերոիդային հակաբորբոքիչ ցավազրկողները (ՈՍՀՑ) արդեն անարդյունավետ են, ապա անհրաժեշտ է անցնել թմրադեղերին, որոնցից և խուսափում են թե բժիշկը, և թե հիվանդը:Անհրաժեշտ է հասկանալ, որ չբուժված ցավը անդրադառնում է ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա, խափանելով սիրտ-անոթային համակարգը՝առաջանում է հաճախասրտություն, զարկերակային ճնշման բարձրացում, խախտվում է սրտի ռիթմը, խափանվում է շնչառական համակարգը, աղեստամոքսային համակարգը: Ամբողջովին խափանվում է հիվանդի կյանքի որակը, նրա տրամադրությունը, նրա աշխատունակությունը: Ժամանակին չբուժված սուր ցավը (հետվիրահատական, բորբոքային և այլն), կարող է վերածվել քրոնիկ ցավի, որի բուժման համար անհրաժեշտ են արդեն  մեծ ջանքեր: Ամբողջ աշխարհում վաղուց օգտվում են Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից մշակված և ընդունված ցավի բուժման եռաստիճանային ուղեցույցներից,  որոնք նախատեսված են տարբեր հիվանդների հիվանդությունների բուժման համար: Այդ տեղեկությունները հասանելի են ամենուրեք` և’ պարբերականներում, և’ համացանցում, դրանք իրենցից գաղտնիք չեն ներկայացնում: Կրկին հարց է ծագում՝ ինչու հիվանդները պատշաճ կերպով չեն բուժվում և շարունակում են տառապել սաստիկ ցավերից: Հավանաբար, խնդիրը ոչ թե բժիշկների անգթությունն է և ոչ էլ այնքան նրանց գիտելիքների և փորձառության բացակայությունը: Ամբողջ խնդիրը թմրադեղերի վերաբերյալ ձևավորված կարծրատիպն է և վախը, որ այդ միջոցների նշանակման պատճառով կարող է ավելանալ թմրանյութ օգտագործող մարդկանց թիվը: Հասարակության մեջ ձևավորված է օփիոֆոբիա (թմրավախություն): Իհարկե,  չի կարելի բացառել այդ հնարավորությունը, բայց  դրանք աչքի կաթիլ են նարկոտրաֆիկի հսկայական քանակների համեմատ: Այդ իսկ պատճառով ուժային կառույցները շատ մանրազննին ստուգում են բուժհաստատություններն ու բուժաշխատողներին: Հետվիրահատական շրջանում մեկ ներարկում անելու համար բազմաթիվ մատյաններ և տեղեկանքներ են լրացվում: Այդ ներարկումը կարելի է իրականացնել միայն բժիշկի ներկայությամբ: Այնուհետև բազմաթիվ նշումներ են արվում տարբեր փաստաթղթերում և այլն և այլն, հրավիրվում հանձնաժողովներ սրվակները ոչնցացնելու համար, իսկ թմրանյութ օգտագործող մարդիկ ինչպես ձեռք էին բերում թմրադեղերը, այդպես էլ շարունակում են: Իսկ այն հիվանդը, որը սաստիկ տառապում էր ցավերից այդպես էլ մնում է առանց ցավազրկման: Դա անընդունելի է :

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՑԱՎԻՑ ՉՏԱՌԱՊԵԼ, ՔԱՆԻ ՈՐ ՉԲՈՒԺՎԱԾ ՑԱՎԸ՝ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ Է:

Տեղեկատվություն պալիատիվ խնամքի մասին PDF (1.42MB)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>